ԻՊ-ի հետ կապ ունեցող հաքերներն ամերիկացի զինծառայողների տվյալների բազա են կոտրել. NBC News

09:47 • 12.08.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ իրենց կապի ու գործունեության մասին բարձրաձայնող ցանցահենների խումբը հրապարակել է ԱՄՆ-ի զինված ուժերի հարյուրավոր աշխատակիցների ու պետական ծառայողների տվյալները, և զինյալներին կոչ է արել հարձակումներ կազմակերպել նրանց դեմ, տեղեկացնում է NBC News-ը։

 

Ցանցահենները հայտարարել են, թե ունեն ԶՈՒ աշխատակիցների անունները, նրանց էլեկտրոնային հասցեները, գաղտնաբառերը, հեռախոսահամարները, ինչպես նաև պետքարտուղարության մի քանի աշխատակիցների կրեդիտային քարտերի տվյալները:

 

«Մեզ հայտնի է այդ հաղորդագրության մասին, սակայն այս պահին մենք չենք կարող հաստատել դրա հավաստիությունը: Մեր գլխավոր նպատակը ծառայության մեջ գտնվող անձանց անվտանգության ապահովումն է»,-ասել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից:

 

Flashpoint Intelligence ընկերությունը, որը զբաղվում է կիբեռանվտանգության հարցերով, հաղորդել է, որ եթե այդ հարձակման մասին լուրն իրական է, ապա կնշանակի, որ ԻՊ-ը ջանք չի խնայում այդ տվյալները հրապարակելու համար՝ հարձակումներ սկսելու նպատակով: