Բարի հսկաներ. օգոստոսի 12-ը փղերի միջազգային օրն է (լուսանկարներ)
2012 թվականից ի վեր օգոստոսի 12-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես փղերի միջազգային օր (World Elephant Day), գրում է ТАСС գործակալությունը։
Փղերին նվիրված միջազգային օր ունենալու նախաձեռնությամբ 2011-ին հանդես են եկել թայլանդական Elephant Reintroduction Foundation հիմնադրամը, ինչպես նաև CanazWest Pictures կինոարտադրող ընկերությունում աշխատող կանադացի ռեժիսորներ Պատրիսիա Սիմսը և Մայքլ Կլարկը։
Միջազգային օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը փղերի պաշտպանության և պահպանության անհրաժեշտության մասին։
2012-ին Սիմն ու Կլարկը ներկայացրել են իրենց ֆիլմը, որը կոչվում է «Վերադարձ դեպի անտառ» և պատմում է անազատության մեջ գտնված, սակայն ազատագրված և բնության գիրք վերադարձած փղերի մասին։
Փղերը երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են։ Կան 2 ծագման փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական):Աֆրիկական փղերն ունեն 2 տեսակ. սավաննային (զանգվածը՝ մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են):
Փղերն ապրում են 70–80 տարի. մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում։
Ներկայումս փղերին սպառնում է անհետացման վտանգը։ Հողատարածքների ինտենսիվ յուրացման պատճառով փղերը զրկվել են իրենց սովորական ապրելավայրերից։
Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին։ Փղոսկրից պատրաստում են զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր։ Այժմ փղերի որսն ու արտահանումն արգելված են։






















