ԱՄՆ-ն Սիրիայում հիմնվում է արդեն ոչ թե «ապստամբ բանակի», այլ քրդերի վրա
ԱՄՆ իշխանությունները շարունակում են աջակցել Սիրիայում «ապստամբ բանակին», որի վերապատրաստման համար նրանք ավելի վաղ պատրաստվում էին երեք տարվա ընթացքում կես միլիարդ դոլար ծախսել: Բայց իրականում նրանք համոզվել են այդ բանակի անարդյունավետության մեջ և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ իրական պայքարի համար այժմ հույսերը կապում են քրդական զինված խմբավորումների հետ: Վկայակոչելով ԱՄՆ ուժային կառույցներում սեփական աղբյուրներին՝ այդ մասին հայտնել է The Daily Beast-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն ի սկզբանե նախատեսում էր պատրաստել այսպես կոչված «նոր սիրիական զինված ուժերի» կորիզը՝ մինչև 15 հազար մարտիկների ընդհանուր քանակությամբ: Բայց մարզումների եկած առաջին 54 մարդը «մեկ ամիս էլ չեն դիմացել մարտի դաշտում», գրում է The Daily Beast-ը՝ հավելելով, որ նրանք «սպանվել են, առևանգվել կամ պարզապես կորել տեսադաշտից»:
«Ես չեմ հասկանում՝ ինչի համար ենք մենք շարունակում մարզումների այս ծրագիրը: Ղեկավարությունը չի կարող խոստովանել, որ այդ մոտեցումը տապալվել է»,- հավելել է ԱՄՆ մոտեցումների հետ ծանոթ ռազմական խորհրդատուն:
Իրականում, ինչպես պնդում է լրատվամիջոցը, Պենտագոնի ղեկավարությունն արդեն վաղուց հրաժարվել է սեփական մարիոնետ ուժերից, և ԻՊ-ի դեմ պայքարի համար մեկ այլ խմբավորում է գտել: Խոսքը քրդական ինքնապաշտպանական ուժերի մասին է: Պենտագոնի աշխատակիցներից մեկը, որի հետ շփվել են հոդվածի հեղինակները, քրդական ինքնապաշտպանական ուժերն անվանել է «Սիրիայում ամենաարդյունավետ մարտական ուժը»:










