ԻՊ գրոհայինները խախտել են Սիրիայում հրադադարի ռեժիմը

14:31 • 12.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Դամասկոսից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սիրիական Զաբադանի քաղաքում խախտել են  հրադադարի ռեժիմը՝ դրա մեկնարկից ընդամենը երեք ժամ անց: Այդ մասին РИА Новости-ին չորեքշաբթի օրը հայտնել է ռազմական աղբյուրը:

 

«Առավոտյան ժամը 9-ի մոտակայքում կրակ են բացել արևմտյան կողմից, որտեղ գտնվում են ԻՊ-ի զինված ուժերը, դրանից հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման ևս մեկ դեպք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Աղբյուրի տվյալներով՝ հրադադարի ռեժիմը խախտվել է նաև Սիրիայի հյուսիս-արևոմտւքում՝ Իդլիբ շրջանի Քեֆրայա և Ֆուա բնակավայրերում, որտեղ գրոհայինները կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ: Մահացել է քաղաքի ավելի քան 10 բնակիչ:

 

Երեքշաբթի օրը սիրիական բանակը և նրան աջակցող լիբանանյան «Հըզբոլահ» շարժումը պայմանավորվել են գրոհայինների հետ Զաբադանի քաղաքում և Իդլիբ շրջանում երկու գյուղերում երկու օրով հրադադարի ռեժիմ հաստատելու մասին: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրը տեղի ժամանակով 6:00-ին: