Տյանցզինում պայթյունների հետևանքով 5.000 հատ նոր Volkswagen, BMW, Toyota և Mazda է այրվել (լուսանկարներ)
Չինաստանի հյուսիսային Տյանցզին նավահանգստային քաղաքի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մոտ 5 հազար նոր ավտոմեքենա է այրվել, գրում է ТАСС-ը:
Ներկրված Volkswagen ավտոմեքենաներով ֆուտբոլի դաշտի չափերի ավտոկայանը եղել է պայթյունի էպիկենտրոնից մոտ 500 մետր հեռավորության վրա: Պատահարի վայրում ուժեղ հրդեհի հետևանքով այրվել է գերմանական ավտոարտադրողի ավելի քան 2,5 հազար ավտոմեքենա։
Ներկրող ընկերությունը տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստ է կրել։
Պահեստի սեփականատեր ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է կորուստները փոխհատուցելու համար ապահովագրական ընկերությունների ներգրավման մասին:
Բացի այդ, Տյանցզին նավահանգստում նաև եղել են BMW, Toyota, Mazda ապրանքանիշների ավտոմեքենաներ։
Նշված ընկերությունների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել վնասված ավտոմեքենաների քանակի մասին տեղեկությունը: Սակայն, նավահանգստի աշխատակիցների տեղեկություններով, ընդհանուր առմամբ այրվել է մոտ 5 հազար մեքենա:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 23:30-ին «Ժյուհայ» ընկերության լոգիստիկ պահեստում: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի ալիքը կոտրել է մինչև 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տների պատուհանները և վնասել է ավելի քան 1 հազար ավտոմեքենա:
Պատահարի պատճառների մասին տեղեկություն չկա:
Վերջին տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 55-ի, ևս 701 հոգի հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով, նրանցից 70-ը ծայրահեղ ծանր վիճակում է:





























