Եվրահանձնաժողովը դեմ է ԵՄ անդամ-երկրների կողմից սահմաններին ցանկապատեր կառուցելուն

18:19 • 14.08.15

Եվրահանձնաժողովը դեմ է Եվրամիության անդամ-երկրների կողմից ներքին սահմաններին ցանկապատեր կառուցելուն: Այդ մասին լրագորղներին հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, գրում է РИА Новости-ն:

Օգոստոսի սկզբին Հունգարիան վերսկսել է ցանկապատի կառուցումը Սերբիայի հետ սահմանին ներգաղթյալներից պաշտպանվելու համար: 150 մետր երկարությամբ առաջին հատվածը տեղադրվել է հուլիսի վերջին:

«Մենք միայն վերջերս ենք վերացրել պատերը Եվրոպայում, պետք չէ կրկին դրանք կանգնեցնել: Հիշեցնեմ, որ անդամ-երկրները պատասխանատվություն են կրում սահմանների կառավարման համար: Սահմանների կառավարման բոլոր միջոցները պետք է պահպանեն ներգաղթյալների իրավունքները և հարկադիր վտարումից մերժման սկզբունքը»,- ասել է եվրահանձնակատարը՝ պատասխանելով Հունգարիայի կողմից ցանկապատի կառուցումը մեկնաբանելու խնդրանքին:

Նրա խոսքերով՝ Եվրահանձնաժողովը չի «քաջալերում ցանկապատների օգտագործումը և կոչ է անում անդամ-երկրներին օգտագործել այլընտրանքային միջոցներ»: