Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա ներգաղթյալների տեղափոխմամբ զբաղվում է մաֆիան. BBC

13:51 • 14.08.15

Ֆրանսիայի հյուսիսում բրիտանական մաֆիան բիզնես է սկսել՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալներին Լա-Մանշով տեղափոխելով Մեծ Բրիտանիա, հայտնում է BBC-ն:

 

Ֆրանսիական Տետեգեմ շրջանի վարչակազմի ղեկավար Ֆրանկ Դերենի խոսքով՝ ներգաղթյալները, որոնք փորձում են հասնել Միացյալ Թագավորություն, հայտնվում են այնտեղ «բրիտանական գրանցմամբ մեքենաների» շնորհիվ:

 

Ֆրանսիական Դյունկերկ քաղաքի շրջակայքում, որտեղ փախստականների համար ճամբար կա, այդ գործով զբաղվող խմբերի մարտավարությունն «իրենց հաճախորդներին» բեռնատարներում բեռների մեջ թաքցնելն է:

 

Ներգաղթյալներից մեկը հայտնել է BBC-ին, որ 15 հազար ֆունտ ստերլինգ (23,4 հազար դոլար) է ծախսել Մեծ Բրիտանիա հասնելու համար, դրանից 12 հազար ֆունտ ստերլինգը (18,7 հազար դոլար) նա ծախսել է մինչև Ֆրանսիա ճանապարհի և ևս երեք հազար (4,7 հազար դոլար) Լա-Մանշը հատելու «ծառայությունների» վճարման համար: Ընդ որում՝ հաղորդվում է, որ ծառայությունները տրամադրողները, որպես կանոն, զինված են և հաճախ սպառնում են ներգաղթյալներին իրենց պայմաններին չհամաձայնելու դեպքում: