Թագավորական ընտանիքը խնդրել է պապարացիներին չհետապնդել արքայազն Ջորջին

16:37 • 14.08.15

Վերջին ամիսներին ավելացել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին լուսանկարել փորձող պապարացիների կողմից հետապնդումների և անհանգստացնող գործողությունների քանակը, իսկ լրագրողների մեթոդներն է՛լ ավելի վտանգավոր են դառնում: Այդ մասին նախազգուշացրել է Քենսինգթոնյան պալատը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Նրանք անցել են սահմանը»,- ասված է Բրիտանիայում զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններին ուղղված բաց նամակում:

 

Քեմբրիջի դուքսը և դքսուհին, ինչպես և գրեթե բոլոր ծնողները, ուրախ են կիսվել իրենց երեխաների լուսանկարներով, սակայն ցանկանում են պաշտպանել արքայազնին և արքայադստերը պապարացիների հետապնդումներից և լրտեսումնրից:

 

Հիմնականում Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ-ում գործող մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են լուսանկարներ, որոնք արվել են «անթույլատրելի հանգամանքներում»:

 

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԶԼՄ-ների «ճնշող մեծամասնությունը» և բոլոր բրիտանական լրատվամիջոցները թույլ չեն տալիս նման հրապարակումներ:

 

Քենսինգթոնի պալատը հույս ունի կանխել առանց թագավորական ընտանիքի թույլտվության երկու տարեկան արքայազնի լուսանկարների հետագա հրապարակումները: