Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել բարեփոխումների ծրագրին
Հունաստանի խորհրդարանն այսօր առավոտյան կողմ է քվեարկել բարեփոխումների ծրագրին, որոնք խիստ խնայողության ռեժիմ են նախատեսում։
Երկարատև բանավեճերից հետո, որոնք տևել են ամբողջ գիշեր, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը հաջողվել է ստանալ խորհրդարանի մեծամասնության աջակցությունը, գրում է Deutsche Welle-ն։
Խորհրդարանի որոշումը նշանակում է, որ այժմ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները կարող են օրվա 2-րդ կեսին քննարկել ստեղծված իրավիճակը և վերացնել վերջին խոչընդոտները Հունաստանին բազմամիլիարդանոց օգնության նոր՝ արդեն 3-րդ փաթեթը տրամադրելու ճանապարհին։
Եվրահանձնաժողովն առավոտյան կրկին հայտարարել է, որ ենթադրվող ծրագիրը նախատեսում է կայուն ֆինանսների աջակցություն և բարեփոխումների անցկացում Հունաստանում։










