Երևանում բարեկարգ ու գեղեցիկ կահավորված բակերի թիվն այս տարի կավելանա ևս շուրջ 400-ով

12:11 • 14.08.15

 

Երևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են  բակերի բարեկարգման և կահավորման աշխատանքները:


Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են գարնանից և կշարունակվեն մինչև խոր աշուն:
 

Նախապես կազմված նախագծերի  համաձայն` բակերում ձևավորվում են ծաղկային տարածքներ, տեղադրվում են նոր եզրաքարեր, զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ և, իհարկե, մանկական խաղեր:

 

Արվում է հնարավորը`երևանցիների բակային առօրյան ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար: 2015 թվականի տարեկան ծրագրի արդյունքում մայրաքաղաքում բարեկարգ և գեղեցիկ բակերի թիվը կավելանա շուրջ 400-ով: