Միջազգային կազմակերպությունները կոչ են անում ազատ արձակել ադրբեջանցի իրավապաշտպան ամուսիններին
Ադրբեջանի իշխանություններն անում են հնարավորը՝ երկրում քաղաքացիական հասարակության վրա ճնշում գործադրելու համար. այդ մասին հայտարարել է Human Rights House Foundation-ի ներկայացուցիչ Անե Տուսվիկ Բունդեն՝ մեկնաբանելով Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին ու նրանց հարազատներին ու գործընկերներին, որոնք «ճնշումների միջավայրում» են աշխատում։
«Քաղաքական բոլոր առաջնորդներն ու ինստիտուտները պետք է հրապարակայնորեն կոչ անեն անհապաղ և անխոս ազատ արձակել քաղաքացիական հասարակության բոլոր առաջնորդներին»,-կարծում է նա։
Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինան, որը ներկա է եղել դատավճռի ընթերցմանը, հայտարարել է, թե Արիֆ և Լեյլա Յունուսների առողջական վիճակը նրանց հնարավորություն չի տա կրել պատժի ժամկետը։ «Դա նրանց համար մահվան վճիռ է»,-ասել է նա։
Յունուսներին ազատ արձակելու կոչ է արել նաև Freedom Now միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Մարան Տուրները, որը նա «շոկային ու ամոթալի» է համարել։
«Լեյլա և Արիֆ Յունուսներն իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելով, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծմամբ։ Հաշվի առնելով նրանց առողջական վիճակը՝ նրանց դատավճիռը մահապատժի է հավասար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել էր Յունուսների դատավճիռը։ Նրանք մեղավոր էին ճանաչվել տնտեսական բնույթի տարբեր հանցագործություններ կատարելու համար։ Լեյլա Յունուսը դատապարտվել էր 8.5, իսկ նրա ամուսինը՝ 7 տարվա ազատազրկման։










