Էմի Ուայնհաուսը կարծում էր, որ ինքը հղի է. Միչ Ուայնհաուս
Էմի Ուայնհաուսը մահանալուց առաջ կարծում էր, որ հղի է, հայտարարել է երգչուհու հայրը:
Միչ Ուայնհաուսը քննադատել է վաղաժամ մահացած երգչուհու մասին վավերագրական «Էմի» ֆիլմը Ավստրալիայի 7-րդ ալիք հեռուստաալիքի «Weekend Sunrise» հաղորդման ժամանակ, գրում է The Independent-ը:
Ուայնհաուսը մեղադրել է Ասիֆ Կապդիայի ֆիլմը 2011 թվականին ալկոհոլային թունավորումից մահանալուց առաջ Էմիին տխուր և միայնակ պատկերելու համար՝ չնայած նրան, որ երգչուհին նշանված էր բրիտանացի ռեժիսոր Ռեգ Տրևիսի հետ:
Երբ երգչուհու հորը հարցրել են, թե ինչը նա չի հավանում ֆիլմում, նա պատասխանել է. «Ամեն ինչ: Մենք չենք ցանկանում, Էմիի երկրպագուները նույնպես չեն ցանկանում, որ այս ֆիլմը ներկայացնի Էմիին: Նա Ռեգի հետ էր, նրանք պատրաստվում էին ամուսնանալ: Ես չպետք է դա ձեզ ասեմ, բայց նա կարծում էր, որ հղի է: Տպավորություն թողնել, որ նա միայնակ էր, հանցագործություն է»:
Միչը նաև պնդել է, որ Տրևիսը չկար ֆիլմում, որպեսզի հնարավոր լինի Էմիին մեկուսացած պատկերել: Նա նաև հերքել է այն ենթադրությունները, որ Էմիի մորից իր ամուսնալուծությունը մեծ ազդեցություն է թողել աղջկա վրա և պնդել է, որ նա պարբերաբար տեսնում էր իր աղջկան տնից հեռանալուց հետո:










