Հայաստանում ունենք ավելի շատ հակազդող, քան պրոցեսներ պլանավորող ընդդիմություն. Ս. Սաֆարյան

10:45 • 16.08.15

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ իրականում հայաստանյան ընդդիմությունն ավելի շատ հակազդող ընդդիմություն է, քան ինչ-որ առանձնահատուկ պրոցեսներ պլանավորող:

«Տարիները ցույց տվեցին, որ դա այդպես է, և լավագույն դեպքում, որ ամառը կամ աշնանը թեժ է լինում, միայն այն պատճառով, որ իշխանությունն է ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված թեժացնում  իրավիճակը, ինչին էլ   հակազդում է ընդդիմությունը: Կարծում եմ, որ այս անգամ երկու գործոն կա, որոնք ինչ-որ աշխուժություն կմտցնեն: Բայց դա չի նշանակում, թե ընդդիմությունն ունի ստույգ գործողությունների ծրագիր, համախմբված է, ունի օրակարգ և գիտի ինչ է ուզում»,–ասաց նա:

Գործոններից մեկը, ըստ Ստյոպա Սաֆարյանի,   սահմանադրական փոփոխությունների խնդիրն է:

«Ակնհայտորեն կան քաղաքական ուժեր, որոնց համար չափազանց կենսական է թույլ չտալ սահմանադրության փոփոխությունները: Այս առումով, թերևս, պետք է ընդգծել ՀԱԿ-ին. Տեր-Պետրոսյանը մի շարք պատճառներով չի ցանկանալու, որ փոխվի Սահմանադրությունը: Ամենամեծ պատճառն այն է, որ նա համարվում է հիմնադիր նախագահ, ով ճարտարապետն է այս պետականության, և թույլ տալ փոփոխել սահմանադրությունը, նշանակում է թույլ տալ  փոխել այն, ինչ-որ ինքը նախագծել է»,–ասաց Սաֆարյանը:

«Սրա հետ միասին դեռևս դժվար է ասել, թե որ քաղաքական ուժերը դեմ կարտահայտվեն Սահմանադրությանը և, ընդհանրապես, ինչ տեսք կընդունի առաջարկված տարբերակը և ով ինչ  դիրքորոշում կորդեգրի»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ամեն դեպքում, նա միանշանակ վստահ է, որ կլինեն հասարակական, քաղաքական շրջանակներ, ովքեր դեմ են լինելու սահմանադրական փոփոխություններին, և հետևաբար, այս կտրվածքով որոշակի քաղաքական ակտիվություն իրենց կողմից սպասելի է:

Հաջորդ խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրությունները յոթը սարի հետևում չեն և քաղաքական ուժերը նկատելիորեն մրցավազքի մեջ են, հետևաբար, ուզեն թե չուզեն, ակտիվանալու են:

Հետևաբար, Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այս աշունը մի փոքր կտարբերվի մյուս աշուններից՝ զուտ այդ երկու գործոնների պատճառով:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա Ստյոպա Սաֆարյանն այն կարծիքի է, թե իշխանությունը, հակառակ  տարածված կարծիքի,  առանձնապես մեծ շահագրգռվածություն չի ցուցաբերում սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելու առումով:

Ավելի կոնկրետ, նա կարծում է, որ իշխանությունն ունի իր «Ա»  և «Բ»  պլանները՝ ինչ անել, եթե փոփոխությունների տարբերակը չանցնի և ինչ անել՝ անցնելու դեպքում: Երկու տարբերակներն էլ, ըստ Ստյոպա Սաֆարյանի, իրենց մեջ ռիսկեր են պարունակում, և իշխանությունն ամեն ինչ անում է այդ ռիսկերը կառավարելի դարձնելու համար։