Գեղարքունիքում ավտոբուսի վթարի տուժածներից 5-ը դուրս են գրվել, 5-ը տեղափոխվել են Երևան (թարմացված)
18.00
Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր:
Սևանի հիվանդանոց հոսպիտալացված 10 տուժածից 5-ը, ստանալով բժշկական օգնություն և սպասարկում, դուրս է գրվել, մյուս 5-ը տեղափոխվել է մայրաքաղաք:
Ժամը 18:00-ի դրությամբ` վիրավորներից մեկը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր», 4-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
15.06
Գեղարքունիքում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Շտապբուժօգնության բրիգադներից բացի` Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:
Ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան` 1-ին «Սուրբ Աստվածամայր», 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Ավտոբուսում եղել է 19 ուղևոր:










