Թուրքիայում ահաբեկչության դեմ ցույցը բախումներով է ավարտվել. կան վիրավորներ
Վերջին օրերին Թուրքիայում աճ գրանցած ահաբեկչական գործողությունների դեմ բողոքելու համար Անթալիայում մոտ հազար մարդ հանրահավաք է անցկացրել, տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ կարգախոսներ հնչեցնող ցուցարարները քայլերթ են իրականացրել, սակայն հանդիպել են ոստիկանական արգելապատնեշին։
Նրանք փորձել են մուտք գործել այն փողոցը, որտեղ գտնվում է քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության գրասենյակը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։ Ցուցարարները, սակայն, կարողացել են շրջանցել ոստիկանությունն ու շենքի վրա թուրքական դրոշ կախել։
Դրանից հետո ցուցարարներն այլ խմբի հետ լեզվակռիվ են սկսել, ինչն ավարտվել է քարերով ու մահակներով կռվով։ Վիրավորվել է ավելի քան 10 մարդ։ Հարակից խանութները նյութական վնասներ են կրել։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ փորձելով բաժանել խմբին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները վիրավորներին ու արցունքաբեր գազից տուժածներին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել։










