Բրազիլիայում նախագահի վարած քաղաքականության դեմ ցույցի է դուրս եկել ավելի քան 800.000 մարդ
Բրազիլիայի մի շարք քաղաքներում օգոստոսի 16-ին բողոքի ակցիաներ են կազմակերպվել ընդդեմ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 860 հազար մարդ:
Ցույցերի մասնակիցները պահանջել են նախագահի հրաժարականը՝ «Դի՛լմա, հեռացի՛ր» և այլ կոչերով: Ցույցեր են տեղի ունեցել պետության մայրաքաղաք Բրազիլիայում, Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո քաղաքներում: Կազմակերպիչների տվյալներով՝ հավաքվել է մոտ 2 մլն մարդ, իսկ ոստիկանության տվյալներով՝ 866 հազար:
«Մենք այլևս չենք կարող հանդուրժել կոռուպցիան, չենք կարող դժբախտության ու տանջանքների նման մակարդակը հանդուրժել: Եթե խորհրդարանը գոնե ինչ-որ բան հասկանում է, ապա պետք է իմպիչմենտի մասին որոշում կայացնի»,-ասել է Սան Պաուլուում կայացած երթի կազմակերպիչներից Ռոջերիու Շաքերը:
Այս ցույցերը տարվա սկզբից ի վեր երրորդ ամենախոշորն են: Մարտին նման ցույցի մասնակցել էր մոտ 1 մլն մարդ, իսկ ապրիլին՝ 600 հազար։










