Չոն Մոնջունը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

13:24 • 17.08.15

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին փոխնախագահ և Կորեական ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար հարավկորեացի Չոն Մոնջունը երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, հաղորդում է РИА Новости-ն:

 

63-ամյա հարավկորեացին այդ մասին հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Չոն Մոնջունն ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն խոր ճգնաժամի մեջ է, իսկ նա այն մարդն է, ով կարող է շտկել այդ իրավիճակը:

 

«Ներկայիս հանգամանքներում ՖԻՖԱ-ի նախագահը պետք է ճգնաժամային մենեջեր և բարեփոխիչ լինի: Նա պետք է լինի ավելին, քան տեխնիկական բաժնի ղեկավար: ՖԻՖԱ-ի կոռուպցիոն գործունեությունից հետո անհրաժեշտ է առաջնորդ, ով կվերադարձնի կազմակերպությանը թափանցիկությունը»,- ասել է նա։

 

1998 թվականից ՖԻՖԱ-ն գլխավորող Յոզեֆ Բլատերը մայիսի 29-ին վերընտրվել էր հինգերորդ ժամկետի համար, իսկ արդեն հունիսի 2-ին հայտարարել պաշտոնը լքելու մասին: Արտահերթ կոնգրեսը, որի ժամանակ պետք է ընտրվի նոր ղեկավարը, կանցկացվի 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում:

 

Հունիսի վերջին ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին պաշտոնապես հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։