Սերգեյ Լավրովը կայցելի Իրան

16:47 • 17.08.15

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մտադիր է Իրան այցելել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Մենք պարբերաբար հանդիպում ենք։ Պարոն նախարարը (Իրանի ԱԳ նախարարը- Tert.am) հաստատել է Թեհրան այցելելու հրավերը, ինչից ես հաճույքով կօգտվեմ, իսկ ժամկետները կհամաձայնեցնեն կողմերը»,- հայտարարել է Լավրովը՝ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

 

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի առևտրա-տնտեսական համագործակցության հարցով համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա աշնանը։

 

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը։ Պայմանավորվել ենք աշնանը, հավանաբար՝ հոկտեմբերին, միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել»,-ասել է նա։

 

ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը գոհ են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրից և հույս ունեն, որ մշակված միջոցառումներն արագ կլուծվեն։