Մոսկվան Ասադի հրաժարականի պահանջն անընդունելի է համարում. Լավրով

16:00 • 17.08.15

Մոսկվան անընդունելի է համարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջը որպես երկրում ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու համար նախապայման ներկայացնելը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

 

Նա նշել է, որ Ռուսաստանի տեսակետը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում անփոփոխ է. երկրի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը՝ 2013 թվականին ընդունված ժնևյան կոմյունիկեի հիման վրա՝ առանց արտաքին միջամտության։

 

«Եթե մեր որոշ գործընկերներ կարծում են, որ պետք է նախապես պայմանավորվել, որ անցումային ժամանակաշրջանից հետո նախագահը կհեռանա պաշտոնից, ապա Ռուսաստանի համար այդ դիրքորոշումն անընդունելի է։ Որոշողը պետք է լինի սիրիացի ժողովուրդը»,-հայտարարել է Լավրովը։

 

Ռուսաստանն ու Իրանը կողմ են արտահայտվում Մերձավոր Արևելքում ազգամիջյան երկխոսության օգտին՝ առանց դրսի պարտադրանքի, հայտարարել է Լավրովը։

 

«Մենք կարծիքներ փոխանակեցինք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի վերաբերյալ և հատուկ ուշադրություն դարձրինք սիրիական կարգավորմանը, որի լուծումը կարող է լինել միայն խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Լավրովը։