ՀՀ դեսպանը Իրանում քննարկել է կապի և ՏՏ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

12:13 • 17.08.15

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը օգոստոսի 16-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հարցեր:
 

Նախարար Վայեզիի խոսքով, հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:


Դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Իրանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում և ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցությունը:
 

Նախարար Վայեզին իր լիակատար աջակցությունը հայտնեց ՀՀ դեսպանի առաջարկության կապակցությամբ: Նա նաև հավելել է, որ Իրանն ունի մեծ փորձառություն հեռահաղորդակցության, արբանյակային, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու գործում և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձևաչափով: