Մոսկվայում կբանակցեն Իրանի և ՌԴ արտգործնախարարները

09:04 • 17.08.15

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

«Երկուշաբթի Մոսկվայում տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումն Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

ԱԳՆ-ի տեղեկատվության ու մամուլի բաժինն իր հերթին նշել է, որ արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների հարաբերությունները՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը։

 

«Կարծիքներ կփոխանակվեն համաշխարհային և տարածաշրջանային օրակարգային հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Սիրիայի ճգնաժամի հաղթահարումը»,- ասված է հայտարարության մեջ:

 

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ այցը տեղի կունենա վերջին շրջանում ակտիվացած ռուս-իրանական քաղաքական երկխոսության ֆոնին, որն արտահայտում է Մոսկվայի և Թեհրանի միջև առկա փոխըմբռնման բարձր մակարդակը: