ԱՄՆ-ում ատրակցիոն նստած տղամարդը մահացել է՝ փորձելով փրկել հեռախոսը

13:10 • 17.08.15

Լուսանկարը՝ Global Look-ի

 

ԱՄՆ Օհայո նահանգում 45-ամյա ուսուցիչ Ջեյմս Յանգը մահացել է «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնի վագոններից մեկի հարվածից՝ փորձելով փրկել իր հեռախոսը, գրում է The South China Morning Post-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել Cedar Point զվարճանքների զբոսայգում։

 

Նախնական տվյալների համաձայն՝ «ամերիկյան բլրակներ» ատրակցիոն նստած տղամարդու  գրպանից պատահաբար ընկել է նրա դրամապանակն ու բջջայինը, որից հետո նա դուրս է եկել ատրակցիոնի անվտանգության ցանկապատից այն կողմ, ինչի հետևանքով էլ նրան հարվածել է վագոնը։

 

Նշվում է, որ վագոնը շարժվելիս է եղել 92 կմ/ժ արագությամբ։  Յանգը տեղում մահացել է։ Նրանից բացի՝ ոչ ոք չի տուժել։

 

Ջեյմս Յանգը դասավանդում էր Օհայոյի դպրոցներից մեկում։

 

Cedar Point զվարճանքների զբոսայգին գտնվում է Սանդասկի քաղաքում և զբաղեցնում է 1.47 ք/կմ տարածք։