Պերուի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարար Հովակիմյանին

14:19 • 17.08.15

Օգոստոսի 17-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսին (նստավայրը` ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է Արտգործնախարարության կայքը։

 

Շնորհավորելով դեսպան Ալվարեսին՝ փոխնախարար Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնել է Հայաստանում Պերուի առաջին դեսպանի հավատարմագրման կապակցությամբ:


Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Պերուի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:

 

Դեսպան Ալվարեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր հնարավորությունների սահմաններում կօժանդակի Հայաստանի և Պերուի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանն ուղղված քայլեր:

 

Քննարկվել են նաև միջազգային կառույցներում համագործակցության շարունակությունը և Պերուի մտադրությունը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ:

 


Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային հարցերին: