Ռումինիայի Ռոման, Բոտոշան և Սուչավա քաղաքներում հայկական միջոցառումներ են անցկացվել. ԱԳՆ

17:21 • 17.08.15

 


Ռումինիայի Հայոց միության ու Հայոց թեմի կազմակերպմամբ և Ռումինիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ oգոստոսի 14-16-ին Ռոման, Բոտոշան և Սուչավա քաղաքներում անցկացվել են հայկական միջոցառումներ:


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Օգոստոսի 14-ին Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օծմամբ բացվել է Ռումինիայի Հայոց միության Ռոմանի մասնաճյուղի գրասենյակը: Միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռոմանի քաղաքապետ Լորենցիու Դան Լեորեանուն, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:
 

Ռոմանի քաղաքապետ Լորենցիու Դան Լեորեանուն և դեսպան Համլետ Գասպարյանն իրենց ելույթներում ընդգծել են Դիլիջանի և Ռոմանի միջև եղբայրացման գործընթացի և Ռոմանում Հայոց միության մասնաճյուղի հիմնման փոխադարձ կարևորությունն ու համագործակցության հեռանկարները՝ հույս հայտնելով, որ նորաբաց մասնաճյուղը յուրատեսակ կամուրջ կդառնա երկու քաղաքների միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման համար:
 

Օգոստոսի 15-ին Բոտոշանում, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս Հակոբյանի ձեռամբ օծվել է քաղաքի հայկական հնամյա գերեզմանատան Բարի Ավետման մատուռը, որը նորոգվել էր հայազգի բարերար տիկին Էմանուելա Կոկոտա Ֆերհաթյան Գոյլավի օժանդակությամբ: Նույն օրը ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, դեսպան Համլետ Գասպարյանը և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանն այցելել են մոտակա Դումբրավեն քաղաք (Օտտավայի նահանգ), որտեղ քաղաքապետ Իոան Պավալի հրավերով քաղաքային ժողովասրահում ելույթ են ունեցել ռումինահայոց պատմության, հայկական հոգևոր և մշակույթային ավանդությունների մասին:


Նույն օրը Սուչավա քաղաքի հայկական 500-ամյա Սուրբ Սիմեոն եկեղեցու հարակից տարածքում տեղի է ունեցել Հայաստանից բերված խաչքարի օծման արարողությունը, որին հետևեց քաղաքի մեկ այլ՝ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ժամերգությունը: Սուչավայի Հայոց միության մասնաճյուղի սրահում բացվել է ազգագրագետ Կորինա Դերլայի կազմակերպած ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Սուչավայի հայ համայնքին, մասնավորապես, հայկական դպրոցին ու մանկատանը վերաբերող արխիվային փաստաթղթեր և ժամանակին Հայոց ցեղասպանությանը տեղական մամուլի անդրադարձները: Ցուցահանդեսին ներկայացվել է նաև «Սուչավայի հայկական ազգային մասնավոր դպրոցը» գիրքը:
 

Օգոստոսի 16-ի առավոտյան սկսվել է Սբ.Աստվածածնի վերափոխման տոնի ավանդական ուխտագնացությունը Սուչավայի Հաճկատար վանք, որին մասնակցում էին հարյուրավոր հայ և տեղացի ուխտավորներ: 500-ամյա վանքում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի կողմից մատուցված Աստվածածնի վերափոխման տոնի Սբ. Պատարագին ներկա են եղել Ռումինահայոց միության ղեկավարությունը, դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Արջեշ նահանգի նահանգապետ Ֆլորին Տըկաուն: Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքը, որից հետո ուխտավորներին մատուցվել է մատաղ` ավանդական ականջապուրի համտեսմամբ:

 

Սուչավան, Բոտոշանը և Ռոմանը հայկական հազարամյա ներկայության վայրեր են: Բոտոշանում առաջին քարե հայկական եկեղեցին կառուցվել է 1350թ., որ դեռևս կանգուն է: 1401թ. Սուչավայում հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը: Հայերը մեծապես նպաստել են այդ քաղաքների և ամբողջ պատմական Մոլդովայի զարգացմանը: Մեծ պատմաբան Նիկոլաե Յորգան հայերին համարում է «Մոլդովայի հայրեր»: Սուչավայում, Բոտոշանում և Ռոմանում դեռևս ապրում են հայկական տոհմիկ գերդաստանների սերունդներ, որոնք հայտնի անուններ են եղել ռումինական կյանքի տարբեր ոլորտներում: