Առաջարկվող փոփոխություններում որոշակի առաջընթաց կա գործող Սահմանադրության համեմատ. Վարդան Այվազյան
Գործող սահմանադրության համեմատ առաջարկվող փոփոխություններում կա որոշակի առաջընթաց, սակայն այս փոփոխություններն անթերի համարել չի կարելի: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների առաջարկված նախագծին, այսպիսի տեսակետ հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
«Բոլոր դրույթներում էլ՝ թե՛ մարդու իրավունքների հարցում, թե՛ իշխանությունների բաժանման, կառավարման ձևի և այլ հարցերում առաջընթաց կա, բայց ես կարծում եմ, որ Սահմանադրության գոյն իմաստավորվում է հետևյալով՝ Սահմանադրությունը պետք է արտահայտի հետևյալ համակարգային ամբողջականությունը. մարդ արարածը ստեղծել է հասարակություն, որպեսզի հասարակությունը ծառայի իր շահերին, հասարակությունն ստեղծել է պետություն, որպեսզի պետությունը սպասարկի հասարակությանը՝ մարդու անհատական շահերն ապահովելու համար»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա՝ և՛ գործող, և՛ առաջարկվող նախագծում որպեսզի այս մեխանիզմն ապահովվի, չի ասվում, թե ինչ բան է պետությունը: Նշվում է միայն, թե Հայաստանն ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է:
«Յուրաքանչյուրը սա կարող է յուրովի մեկնաբանել, մինչդեռ Սահմանադրության ոչ մի դրույթ չպետք է սուբյեկտիվ ընկալման և մեկնաբանման տեղիք տա: Սահմանադրության մեջ պետք է հստակ նշվեր, որ պետություն ստեղծվում է ապահովվելու հասարակության կարիքները, ապահովելու հասարակության կենսագոյի համար բոլոր պայմանները»,-նկատեց սահմանադրագետը:
Իր ասածը հիմնավորելու համար Վարդան Այվազյանը որպես օրինակ նշեց, որ Սահմանադրության և սովորական օրենքների տարբերությունն այն է, որ «կոնստիտուցիայի» հիմքում ընկած է «կոնստանտ» տերմինը, որ նշանակում է հաստատուն: Նրա խոսքով՝ Սահմանադրությունն ամրագրում է համամարդկային արժեքների իմաստի անփոփոխելիությունը։
Վարդան Այվազյանն ասաց, որ առաջարկված նախագիծը գործող Սահմանադրությունից լավն է, բայց դարձյալ նկատվում են առաջադեմ երկրների սահմանադրություններից փոխառված դրույթներ: «Իհարկե՛, դրանք առաջադեմ են, ավելի լավն են, բայց գործող Սահմանադրության և փոփոխությունների տեքստում սահմանադրական արժեքների միանշանակությունը չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով ընտրական գործընթացների թեմային, մասնավորապես մի շարք գերատեսչությունների ղեկավարներին ընտրելու դրույթին, Վարդան Այվազյանն ասաց, թե սահմանադրական դրույթներն առաջընթաց ապահովելու առումով մեծ նշանակություն ունեն, բայց ըստ նրա, ամեն ինչ չէ, որ միանշանակ է: «Մարդկանց գիտակցության մեջ պետք է այդ առաջընթացը լինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ավելի շահարկվող դրույթին, թե առաջարկվող փոփոխություններում պատերազմական վիճակում Իսրայելին հետևելու միտումը կա, այն է՝ այդ ժամանակահատվածում երկրի կառավարումն անցնում է պաշտպանության նախարարի ձեռքը, սահմանադրագետը մեկնաբանեց այսպես. «Համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի իրավական համակարգ. խաղաղ ժամանակներում սահմանադրությունն ու իրավական համակարգը միանգամայն այլ են, պատերազմական վիճակում արդեն սահմանադրությունը չի աշխատում. գալիս է պետության մենաշնորհը»:
Մասնագետի մեկնաբանմամբ՝ օպերատիվ անհրաժեշտության դեպքում սահմանադրական կարգավորումներով պետք չէ կաշկանդվել և հստակ նշվում է, որ պատերազմական գործողությունների դեպքում կառավարությունը շատ արագ նշանակում է զինված ուժերի գլխավոր հրամանատարին, վարչապետն էլ դառնում է գլխավոր գերագույն հրամանատարը: «Սա խնդիր առաջացնել չի կարող: Պատերազմի ժամանակ օբյեկտիվորեն փոխվում է սահմանադրական կարգը»,- եզրափակեց Վարդան Այվազյանը:










