AirBaltic-ի անձնակազմն ազատազրկման է դատապարտվել՝ թռիչքից առաջ ալկոհոլ օգտագործելու համար
Օսլո քաղաքի դատարանն ազատազրկման է դատապարտել լատվիակա AirBaltic ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի երեք անդամներին. պատճառը թռիչքից առաջ նրանց արյան մեջ հայտնաբերված ալկոհոլի անթույլատրելի մակարդակն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինքնաթիռի երկրորդ օդաչուն դատապարտվել է 6-ամսյա, բորտուղեկցորդուհիներից մեկը՝ 45-օրյա, երկրորդը՝ 60- օրյա ազատազրկման։
Ինքնաթիռի կապիտանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 17-ը, երբ կկայանա նրա նկատմամբ դատական նիստը: Նրան առաջադրվել են ավելի ծանր մեղադրանքներ, քանի որ նա պատասխանատու է ողջ անձնակազմի համար:
Նորվեգական օրենքների համաձան՝ նա կարող է բանտ նստել երկու տարի ժամկետով կամ խոշոր տուգանք վճարել։
Անձնակազմի անդամները ձերբակալվել են օգոստոսի սկզբին։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ հյուրանոցի աշխատակիցը, որտեղ մնացել են AirBaltic-ի աշխատակիցները, զանգել է նորվեգական մայրաքաղաքի ոստիկանություն և հայտնել, որ օդաչուն և անձնակազմի այլ անդամներն ալկոհոլային խմիչքներ են օգտագործում թռիչքից առաջ։










