ԱՄՆ-ն և Կուբան դեկտեմբերին ցանկանում են վերականգնել երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը

10:53 • 18.08.15

ԱՄՆ-ի և Կուբայի իշխանություններն աշխատանք են իրականացնում երկկողմ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը թույլ կտար այս տարվա վերջին վերականգնել երկու պետությունների միջև ուղիղ կանոնավոր կոմերցիոն ավիաչվերթները, գրում է ТАСС-ը:

 

Այդ համաձայնագիրը թույլ կտա երկու երկրների ավիաընկերություններին կանոնավոր հաղորդակցություն հաստատել ԱՄՆ-ի և Կուբայի միջև սկսած այս տարվա դեկտեմբերից: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է «ամերիկացիների կողմից Կուբա այցելելու սահմանափակումների թուլացման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկել»՝ չնայած արդեն հինգ տասնամյակից ավելի այդ ուղղությամբ գոյություն ունեցող արգելքին, որը չեղարկել կարող է միայն Կոնգրեսը։

 

ԱՄՆ քաղաքացիների համար ցանկացած զբոսաշրջային այց Կուբա արգելված է: The Wall Street Journal-ի տվյալներով՝ Օբաման ցանկանում է ստորագրել հատուկ, Կոնգրեսի հաստատումը չպահանջող հրամանագիր, որը մշակութային փոխանակությունների նպատակով Կուբա այցելությունների թույլտվությունը կտարածի անհատական ճանապարհորդողների վրա:

 

Այժմ ԱՄՆ-ի և Կուբայի միջև իրականացվում է բացառապես չարտերային ավիահաղորդակցություն։ Համապատասխան չվերթներն իրականացվում են Նյու Յորքից և Ֆլորիդա նահանգից։