Ե՛վ գործող Սահմանադրության, և՛ փոփոխությունների նախագծում թույլ է մնում ՏԻՄ–ի բաժինը. Գ. Մակարյան
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մի շարք դիտողություններ ու առաջարկություններ է մշակել սահմանադրության նախագծի վերաբերյալ և դրանք ներկայացրել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց նա, բարեփոխումների ներկայիս փաթեթը դեռ ամբողջականություն չի արտահայտում, բայցևայնպես, ըստ նրա, կան մի շարք հարցեր, որոնք ներկայիս Սահմանադրությունով էլ կարելի է իրականացնել:
«Կան խնդիրներ, որոնք իսկապես ներկայիս Սահմանադրույթունով էլ կարելի է իրականացնել, իսկ եթե չի իրականացվել, ապա գուցե խնդիրն այնքան Սահմանադրությունը չի եղել, որքան որ իրականացնող մարմինները պետք է դրան հետևեին»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, թե փոփոխությունների տարբերակում կան հոդվածներ, որոնք էականորեն թույլ են:
Որպես օրինակ Գագիկ Մակարյանը նշեց դատական համակարգին վերաբերող բաժինը՝ նշելով, թե այն թույլ է և ամբողջական չէ, ունի երկակի մտքեր արտահայտող դրույթներ, որոնք դատական համակարգի մեջ էական փոփոխություն չեն մտցնում:
«Բացի դրանից, և՛ գործող Սահմանադրության, և՛ փոփոխությունների նախագծում թույլ է մնում տեղական ինքնակառավարվող մարմինների բաժինը: Ոչ ոք այդ հաշվետվողականությանը չի հետևում, թե ինչ ծրագրով են նրանք գալիս առաջ, ինչպես են ընտրվում և ինչ են կատարում»,-նկատեց Հայաստանի գործատուների միության նախագահը:
Թերություններից մեկն էլ, ըստ Մակարյանի, որ չի լուծում ներկայիս համակարգը, այլ թողնվել է ընտրական օրենքների վրա, այն է, որ որոշ համայնքներում խոշոր ազգություն ունեցողներն իրենց ուզած թեկնածուին ընտրում են, տվյալ մարդը դառնում է համայնքապետ, իսկ այն փոքրամասնություն կազմող ազգությունը չի կարողանում իր շահերն իրականացնել: Այսինքն՝ այն անհավասարաչափ մոդել է, որը շատ ցայտուն է որոշ համայնքներում:
Շարունակելով մեկնաբանությունը՝ Գագիկ Մակարյանն ասաց, թե Հոդված 8-ում ասվում է, որ ՀՀ-ն երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, մինչդեռ, ըստ նրա, Հայաստանում բավական խնդիր կան դրա իրացման, տնտեսական գործունեության ազատության կամ ազատ տնտեսական մրցակցության առումով:
«Այսպիսի միայն նախադասությունը բավարար չէ, որ կոռումպացված, անհավասար մրցակցության պայմաններում այդ խնդիրները կարողանանք լուծել»,-նկատեց նա:
Գագիկ Մակարյանն ասաց, որ իրենք իրենց առաջարկներում գրել են, որ Սահմանադրութունը պետք է ճկունություն դրսևորի, որ կոռուպցիայի հաղթահարման, կանխարգելիչ նպատակներ կարողան սահմանել և ապահովվել դրանց իրականացումը:
«Պետք է ունենալ դիմադրողականություն կոռուպցիան իր մեջ չներառելու և թույլ չտալու, որ այդ երկակի իմաստ արտահայտող հոդվածների պատճառով դառնա կոռուպցիայի պոտենցիալ հնարավորություն: Սահմանադրությունը պետք է լինի բավականին կուռ, շատ հստակ և պարզ: Եթե մեզ մոտ կոռուպցիային հանձնաժողովը կամ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերով են փորձում ինչ-որ բաներ անել, ինչը չի հաջողվում, ուրեմն սահմանադրության մեջ պետք է ավելի ուժեղացվի կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորությունները՝ որոշ հոդվածների ներքո»,-եզրափակեց Գագիկ Մակարյանը:










