Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմինները

08:55 • 18.08.15

Ինդոնեզիայի արևելքում վերսկսվել է վթարի ենթարկված ATR 42-300 ինքնաթիռի բեկորների որոնման գործողության ցամաքային մասը: Ինչպես հայտնել է Ազգային որոնողա-փրկարարական գործակալության ղեկավար Բամբանգա Սոելիստին, աշխատանքներին մասնակցում է մոտ 100 մասնագետ, գրում է ТАСС-ը:

 

«Կարող եմ ասել, որ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները գտնվել են, նրանք մահացել են»,- հաստատել է նա:

 

Այժմ, հավելել է գերատեսչության ղեկավարը, «նախապատրաստվում է մահացածների մարմինների տարհանման գործողությունը»։

 

Ինդոնեզական Trigana Air Service ավիաընկերության ինքնաթիռն իրականացնում էր Ջայապուրա-Օքսիբիլ չվերթը: Վայրէջքից մոտ 10 րոպե առաջ ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից և դադարել է կապի դուրս գալ: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 49 ուղևոր, այդ թվում՝ հինգ երեխա, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել և բախվել սարին։