Չնայած սպասումներին՝ Ղազախստանի և Ղրղզստանի սահմանների բացումը նոր խնդիրներ է առաջացրել. НГ
Ղազախստանը Ղրղզստանի համար օգոստոսի 12-ից բացել է իր սահմանները Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո առաջացած խնդիրներն արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են, գրում է Независимая газета-ն։
Խոսքը ղրղզա-ղազախական Կորդայ-Ակ-Ժոլ սահմանային անցակետում առաջացած խցանումների մասին է: Սահմանն անցնելու գործընթացի դյուրացման փոխարեն ղրղզ քաղաքացիները բախվել են մեծ հերթերի, որոնք հնարավոր է շրջանցել միայն «մուտքի տոմսի» համար վճարելով։
Պաշտոնատար անձինք պնդում են, որ խնդիրը լուծված է: Ղրղզական կառավարության տվյալներով՝ Ակ-Ժոլ սահմանային անցակետում իրավիճակը կայունացել է, քաղաքացիների և ավտոտրանսպորտային միջոցների անցումն իրականացվում է բնականոն ռեժիմով»։
Իրականում «բնականոն ռեժիմը» մարդկանցից և մեքենաներից ստեղծված հսկայական հերթն է։ Նման պատկեր կարելի է տեսնել գրեթե մշտապես, միայն երբեմն է բազմությունը նոսրանում, գրում է Независимая газета-ն։
Հիմնականում քաղաքացիների բողոքները վերաբերում են ղազախ սահմանապահների և երկրի այլ ուժային կառույցների ներկայացուցիչների աշխատանքին։ Ականատեսների կարծիքով՝ անցակետերի աշխատակիցները շահագրգռված են, որ խցանումներ առաջանան։ Նրանք սկզբից ստեղծում են խնդիրը, այնուհետ գումարի դիմաց այն լուծում։ Եթե ցանկանում եք սահմանն ավելի արագ անցնել, գումար վճարեք։ Գումարի դիմաց կարելի է անցնել հանդիպակաց ճանապարհով և արագացված կարգով ավտոմեքենայի զննում անցնել:
Բեռնափոխադրողների համար գումարն ավելի մեծ է։ Հաշվի առնելով այն, որ ղրղզա-ղազախական սահմանն օրվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ և հազարավոր մեքենաներ են հատում, ստվերային եկամտի ծավալները կարող են միլիոնների հասնել, գրում է լրատվամիջոցը։










