Հայաստանը եղել և շարունակում է Իրանի համար մնալ կարևոր երկիր. իրանագետ

13:10 • 18.08.15

 

Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքների վերաբերյալ կոնկրետ փաստաթղթի ստորագրումը Իրան-Վեցյակ բանակցությունների ավարտից հետո առաջիններից մեկն էր, ինչը վկայում է, որ Հայաստանը եղել ու նոր իրողությունների դեպքում՝ շարունակում է Իրանի համար մնալ կարևոր երկիր:
 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրան-Վեցյակ մեծ համաձայնագրի ստորագրումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին։
 

«Եվ սրանով այն մտահոգությունները, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմից դուրս դալուց հետո հայկական ուղղությունը կկորցնի իր կարևորությունը Իրանի համար, կարծես թե դուրս է գալիս օրակարգից: Եվ Իրանն էլ կրկին կամք է դրսևորում՝ Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը»,- հայտարարեց իրանագետը:
 

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան 400 ԿՎ հզորությամբ երրորդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի արժեքը մոտ 117,9 մլն. եվրո է, որից մոտ 90 միլիոնը տրամադրում է իրանական կողմը: Աշխատանքները նախատեսված է ավարտել 18 ամսում:
 

Իրան–Հայաստան 400 ԿՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է, այն նպատակաուղղված է  Իրանի հետ էլեկտրաէներգիա-գազ փոխանակման ծավալների մեծացմանը: Ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին նվազեցնել   էներգետիկ ընդհանուր ծախսերը՝ մինչև 2036թ:
 

Ամեն դեպքում, Իրանը դեռ չի գտնվում վերացված պատժամիջոցների  ռեժիմում, այլ միայն դրանց վերացման՝ նախապատրաստական աշխատանքների, և մինչև սեպտեմբերի 17-ը ընկած ժամանակահատվածը ԱՄՆ Կոնգրեսը դեռ պետք է վավերացնի  Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը:


Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ մամուլում այս առումով կան և՛ լավատեսական, և՛ վատատեսական ակնկալիքներ: Ամեն դեպքում, նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կա հզոր հակաիրանական և հզոր իսրայելական լոբբի:
 

Ասուլիսին հարց հնչեց, թե ինչ է արվում այս համաձայնագրի իրականացման շուրջ լրացուցիչ երաշխիքներ ստանալու ուղղությամբ, մանավանդ, որ հաղորդվեց, որ  իրանցիներին տարհամոզելու համար Իրան պետք է շտապեին ադրբեջանցի տնտեսական պատվիրակներ: Վարդան Ոսկանյանը կարծում է, որ այս հարցում Հայաստանը չպետք է շտապի, մանավանդ, որ ունի ամուր դիրքեր:
 

«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ է այցելում Իրանի վարչապետի գործառույթ իրականացնող փոխնախարարը»,- նշեց իրանագետը:

 

Հիշեցնենք, որ երկրորդ կարևորագույն տնտեսական նախագիծը Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումն է, որը, եթե իրականացվի, ապա դուրս կբերի երկիրը ադրբեջանա-թուրքական մեկուսացումից:

 

Վարդան Ոսկանյանն  անդրադարձավ Իրանի Ուրմիա լճի պահպանության համար Սևանից ջուր տեղափոխելու մասին հրապարակումներին, ինչը հերքվել էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

 

«Կարևոր հանգամանք է այն, որ իրանական կողմը Հայաստանը դիտարկում է նաև այս համատեքստում և եթե Հայաստանն ունի լրացուցիչ ջրային ռեսուրսներ,բնականաբար, դա չի կարող արվել Սևանի հաշվին, որն ինքը ունի իր ջրային պաշարները համալրելու կարիք, բայց եթե Հայաստանն ունի լրացուցիչ ջրային պաշարներ, ապա կարծում եմ, որ Հայաստանը կարող է միանալ Ուրմիայի չորացման դեմն առնելու ծրագրին», -ավելացրեց իրանագետը: