Լռության րոպեն գլխավորել է Ավստրիայում iTunes-ի երգերի աղյուսակը
60 վայրկյան լռությամբ երաժիշտ Ռաուլ Հասպելի ձայնագրությունն առաջատար դիրք է գրավել iTunes-ի ավստրիական հիթ շքերթում՝ դեռևս մինչ ներբեռնման համար հասանելի լինելը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Schweigeminute für Traiskirchen («Մեկ րոպե լռություն Տրայսկիրխենի համար») անվանումով ձայնագրությունը նվիրված է փախստականներին: Վիեննայի մոտակայքում գտնվող Տրայսկիրխեն քաղաքում է գտնվում ներգաղթյալների ընդունման համար ավստրիական գլխավոր կենտրոնը, որի պայմանները Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս ամոթալի է անվանել:
Ձայնագրությունը հնարավոր կլինի ձեռք բերել 0,99 կամ 1,29 եվրոյով iTunes-ում և Amazon-ում՝ սկսած ուրբաթ օրվանից, սակայն այն արդեն գլխավորել է աղյուսակը նախապես կատարված պատվերների շնորհիվ:
«Լռության րոպեն» ակտիվ հեռարձակվում է նաև ռադիոյով: Deutsche Welle-ի տվյալներով՝ ձայնագրությունից ստացված եկամուտը փոխանցվելու է փախստականների ճամբարին։










