ՀԱԿ–ը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկման մեջ չի մտնի. Արամ Մանուկյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով որևէ բովանդակային քննարկումների մեջ մտնել չի պատրաստվում, և որևէ հանդիպման մասնակցել չի պատրաստվում. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Պատգամավորը նշեց, որ պատրաստվում են «ոչ»-ի շարժում ձևավորել և մարզերով ու գյուղերով շրջելով՝ բացատրել, որ ներկայացված փաստաթուղթը հակասահմանադրական է։
Ըստ Արամ Մանուկյանի՝ դրանով փորձ է արվում ցույց տալ, թե բովանդակային առաջընթացներ կան, և դրանով ներքաշում են կուսակցություններին՝ իմիտացիա ստեղծելու համար, թե քննարկումների, կոնսոլիդացիայի խնդիր կա։
Պատգամավորն ավելի , քան համոզված է, որ նախագահական ընտրություններում երկուանգամյա սահմանափակումը վերացնելու միակ կարճ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են:
Արամ Մանուկյանը հայտարարեց, թե բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին կամ չեզոք են, պարզապես գործող իշխանությունների կողմնակցիներն են: Պատգամավորը նաև համոզված է, որ խոսքը ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ բոլորովին նոր Սահմանադրության:
ՀԱԿ քարտուղարը տեղեկացրեց, որ «Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին:
Արամ Մանուկյանը հույս ունի, որ կոնսոլիդացիա կլինի «ոչ»-ի շուրջ: Չնայած այն բանին, որ օրինակ ԲՀԿ-ից եղել են հայտարարություններ, որ նախկին կոշտ դիրքորոշումը չունեն, այդուհանդերձ կսպասեն կուսակցության ավելի հստակ պատասխանին:










