Եթե մարզադաշտը պետք է վերադարձվի պետությանը, գոնե տան իմ ներդրումները՝ 15 միլիոն դոլար. Ա. Աղաբաբյան

17:25 • 21.08.15

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, սնանկ ճանաչված ընկերության ղեկավար Աշոտ Աղաբաբյանը չի պատրաստվում որևէ մեկին ոչ մի բան անհատույց տալ:

 

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նա հայտարարեց, որ եթե մարզադաշտը պետք է վերադարձվի պետությանը, ապա իրեն պետք է վերադարձվեն տարիների ընթացքում այնտեղ արված իր ներդրումների 50 տոկոսը, ինչը կազմում է 15 միլիոն ԱՄՆ դոլար:

 

«Ես մտադիր չեմ շուկայական գներով վաճառելու այն, այլ մտադիր եմ, որ այն գումարները, որ ներդրվել են ստադիոնի վրա, որոնք կարող էին չներդրվեին, կարող էին լինել  ուրիշ բիզնեսի մեջ, պտտվեին  Շվեյցարիայում ..., բայց ես այդ քայլին չեմ գնացել և գոնե մեր ծախսած գումարների 50 տոկոսը, եթե պետք է մարզադաշտը վերադարձվի պետությանը»,-հայտարարեց Աշոտ Աղաբաբյանը:

 

Պատմելով, որ «1993 թվականից առ այսօր այդ մի բիզնեսն է» ունեցել, Աշոտ Աղաբաբյանը ավելացրեց, որ այդ գումարներից «մի հատ յոթհարկանի տուն չի սարքել», բոլոր գումարներն ուղղել է մարզադաշտին ու ամփոփեց. «Ես ամեն ինչ, ինչ աշխատել եմ, դրել եմ այդտեղ, ուրիշները աշխատել, են, ինչ ասես ունեն … ես ի՞նչ ունեմ, մի ստադիոնն է»,-ասաց հանրապետական պատգամավորը։

 

Հիշեցնենք, որ Աղաբաբյանին պատկանող ընկերությունը, որ տնօրինում է «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը, դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ մի քանի ամիս առաջ հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։

 

«Ողիղ մեկ տարի իմ մոտ ստուգումներ են եղել, ոչ մի բան չեն հայտնաբերել, իսկ նման դեպքերում, երբ ոչ մի բան չեն հայտնաբերում, փորձում են դիմել երրորդ անձի… Երրորդ անձը մեր հաճախորդներն են, երբ ուզում են բանսարկությամբ զբաղվել, վնաս տալ, դիմում են նրանց»,-ասաց նա ու ավելացրեց, որ տոնավաճառի նախկին աշխատակիցներից մոտ 300 հոգու «տարել են հարկային քննչական մարմիններ՝ հարցաքննությունների»։
Իսկ հետագայում բիզնեսի վատ վիճակը նա պայմանավորեց նրանով, որ այս ամբողջ պատմության ընթացքում մարդկանց վստահությունը իր նկատմամբ պակասեց:


Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ պատրաստ է ընթացք տալու պատգամավորի հայտարարություններին: Ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է Աշոտ Աղաբաբյանը հայտարարության տալ իրավապահներին, վերջինս ասաց, որ ամեն ինչի էլ պատրաստ է, բայց երբեք չի դիմի այդ ճանապարհին: