Բրիտանացիները լավ են հասկանում՝ ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունների դեպքում առաջին հարվածը կհասցվի նավթամուղին. քաղաքագետ

21:28 • 21.08.15

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հայտարարությանը, ով նշել էր, թե ԼՂՀ հակամարտության լուծումը պետք է առաջնային լինի տարածաշրջանում շահագրգիռ բոլոր կողմերի համար, նախ հիշեցրեց, թե Մեծ Բրիտանիան նավթ ունեցող երկրների նկատմամբ միշտ էլ թուլություն է ունեցել, իսկ Ադրբեջանի հետ կնքած դարի պայմանագրից հետո հատկապես շահագրգռվածություն ունի Հարավային Կովկասում:

 

«ԼՂՀ հակամարտության հարցը ինքնին խոչընդոտ է, որովհետև բրիտանացիները շատ լավ հասկանում են, որ եթե ադրբեջանական կողմը սկսի ռազմական գործողություններ ԼՂՀ-ի դեմ, ապա հայկական կողմերն առաջին հարվածը կհասցնեն Բաքու–Թբիլիսի-Ջեյրան, Բաքու-Թբիլիսի- Էրզրում նավթամուղի և գազամուղին, որում մեծ ներդնում ունեն բրիտանական կորպորացիաները ի դեմ Բրիթիշ Պետրոլիումի»,-ասաց նա:

 

Գագիկ Համբարյանը  նշեց, թե այն, որ ԼՂՀ հարցը բրիտանացիների համար չարորակ ուռուցք է՝ իրենց համար զարմանալի չէ:


«Որովհետև Բրիտանիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ քաղցկեղ է իր մետաստազներով: Երկակի ստանդարտներով բրիտանացիները առաջին անգամ չէ, որ հաստատում են, որ չունեն մշտական բարեկամներ, այլ ունեն մշտական շահեր, իսկ ադրբեջանամետ հայտարարություններ մենք այստեղից էլ պետք է դիտենք»,-ասաց նա: