Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնության են հասել միգրացիայի դեմ պայքարի հարցում

10:45 • 21.08.15

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարներ Թերեզ Մեյը և Բերնար Կազնովը հինգշաբթի օրը Կալեում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են համաձայնագիր՝ ուղղված Լա Մանշի ափին գտնվող այդ քաղաքի շրջանում անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակի կարգավորմանը, գրում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը:

 

Մասնավորապես՝ Լոնդոնը 10 միլիոն եվրո կհատկացնի Եվրաթունելի հսկողության համար տեխնիկական սարքավորման արդիականացման նպատակով։

 

Եվրաթունելի օպերատոր ընկերություն Groupe Eurotunnel SE-ն նույնպես ֆինանսական օգնություն կստանա ավելի մեծ թվով անվտանգության աշխատակիցներ վարձելու համար:

 

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ոստիկանական ուժեր կուղղեն դեպի Կալե քաղաք՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու համար, որոնք կազմակերպում են Ֆրանսիայի հյուսիս, ինչպես նաև Եվրաթունելով Մեծ Բրիտանիա ներգաղթյալների տեղափոխումը։

 

Բացի այդ, Լոնդոնը հաջորդ երկու տարիների ընթացքում կհատկացնի ևս 10 միլիոն եվրո անօրինական ներգաղթյալներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշն իր հերթին ողջունել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համաձայնության մարդասիրական հատվածը։

 

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ներգաղթյալների խնդիրը նաև քննարկվել է երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունների ընթացքում։

 

Կալեի շրջանում մոտ երեք հազար ներգաղթյալ է գտնվում, որոնք փորձում են Մեծ Բրիտանիա հասնել։