Դուշանբեի օդանավակայանում ոստիկանը պատահաբար կրակել է գործընկերոջ վրա
Դուշանբեի միջազգային օդանավակայանում ոստիկանը, խաղալով ծառայողական ատրճանակի հետ, պատահաբար սպանել է իր գործընկերոջը, այդ մասին interfax.ru-ին ուրբաթ օրը հայտնել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունում աղբյուրը։
«Այս գիշեր մայրաքաղաքի օդանավակայանում դժբախտ դեպք է գրանցվել: Երկու ոստիկան ծառայողական ատրճանակի հետ խաղալու ժամանակ իրար վրա են պահել ատրճանակը, երբ նրանցից մեկը պատահաբար կրակել է՝ սպանելով ոստիկանության 21-ամյա լեյտենանտ Էլդար Նասիրովին: Նա տեղում մահացել է»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Կրակողը ձերբակալվել է: Նրան մեղադրանքներ կներկայացնեն անզգուշությամբ սպանության համար, ինչպես նաև նա հավանաբար կհեռացվի Ներքին գործերի նախարարությունից՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար։










