Ղրղզստանի ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի

11:46 • 21.08.15

Ղրղզստանում դոլարի նկատմամբ ազգային արժույթ սոմի փոխարժեքը նվազել է՝ հասնելով պետության ողջ պատմության ընթացքում նվազագույն մակարդակի, գրում է ТАСС-ը:

 

Ղրղզստանի ազգային բանկի տվյալներով՝ ուրբաթ օրը դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 62,145 սոմ, սակայն Բիշքեքի տարադրամի փոխանակման կետերն ամերիկյան դոլարը գնում են 64,4 սոմով և վաճառում 65,4 սոմով։

 

Այնուամենայնիվ, պետության գլխավոր ֆինանսական կարգավորիչը կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել, քանի որ մոտ ժամանակներս արտարժույթի շուկայում իրավիճակը կկայունանա, և արդեն առաջիկա օրերին դոլարը կսկսի էժանանալ։

 

«Սոմի արժեզրկման համար օբյեկտիվ նախադրյալներ չկան»,- կարծում է Ազգային բանկի նախագահի տեղակալ Նուրբեկ Ժենիշը։

 

Նրա կարծիքով՝ սոմի փոխարժեքի անկման վրա ազդել է Ղազախստանի որոշումը՝ փոխել դրամային քաղաքականությունը, ինչի հետևանքով տենգեն մեկ օրվա ընթացքում դոլարի նկատմամբ էժանացել է մոտ 35 տոկոսով:

 

«Ազգային բանկն իրավիճակը հսկողության տակ է պահում, դոլարի դեֆիցիտ բանկային համակարգում չկա»,- նշել է Ժենիշը։