Սահմանամերձ բնակավայրերին դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել

19:24 • 21.08.15

Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև  բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել:


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ  «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի,  Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված  թվով 352 անուն դեղ և 690 անուն բժշկական նշանակության ապրանք:


Նշենք, որ հատկացված դեղերը հիմնականում առաջին անհրաժեշտության են, պարագաները` նախատեսված են անհետաձգելի և նեղ մասնագիտական բժշկական օգնություն կազմակերպելու համար: