Ալիևը ոչնչացնում է երկրի ապագան՝ հարձակվելով անկախ ԶԼՄ-ների վրա. Meydan TV-ի գլխավոր տնօրենի հոդվածը

14:57 • 21.08.15

Ադրբեջանական առցանց Meydan TV-ի գլխավոր տնօրեն Էմին Միլին հոդված է գրել The Washington Post թերթում, որտեղ հայտնել է, որ չնայած նա երկու անգամ բանտարկվել է «աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկի»՝ Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար և այժմ բնակվում է Գերմանիայում, սակայն Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել նրան լռեցնելու և ահաբեկելու ուղղությամբ։

 

Էմին Միլիի խոսքով՝ Բեռլինում նա տեղեկացել է, որ Ադրբեջանում բնակվող իր 23 բարեկամները հրաժարվել են իրենից բաց նամակով, որն ուղարկվել է նախագահ Իլհամ Ալիևին։

 

Դատապարտելով նրան «հայրենիքը դավաճանելու» համար՝ նրանք իրենց ողջ աջակցությունն են հայտնել Ալիևին և նրա վարած «ներքին և արտաքին քաղաքականությանը»։

 

Հաջորդ օրը Միլին տեղեկացել է, որ ձերբակալվել է իր զարմիկ Փոլադ Աբդուլաևը և որ ոստիկանությունը ստիպել է իր բարեկամներին ստորագրել Ալիևին իրենց հավատարմության երդման նամակը։

 

Ավելի վաղ նրա կնոջ եղբայր Նազիմ Աղաբայովը ձերբակալվել է թմրանյութեր վաճառելու կեղծ մեղադրանքներով։ Նրան այժմ 12 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Միլին գրում է, որ այս ամենը տեղի է ունեցել Ալիևի կողմից սպորտի նախարար Ազատ Ռահիմովի միջոցով ուղարկված մահվան սպառնալիք ստանալուց հետո։

 

Meydan TV-ի գլխավոր տնօրենը հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են իրեն և իր ընտանիքին՝ ակտիվիստ լինելու պատճառով, ով «Բեռլինում հիմնել է անկախ Meydan TV լրատվամիջոցը, որը ճշմարտություն է հաղորդում Ադրբեջանի մասին»։

 

Նա նաև հավելում է, որ իր դեպքը միակը չէ. Ադրբեջանի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ կա: Այնուհետ գրում է լրագրողների, ակտիվիստների և այլախոհների նկատմամբ բռնաճնշումների և կեղծված ընտրությունների մասին և նշում, որ վերջին շրջանում Ալիևի գործողությունները ցույց են տալիս, որ նրա աջակցությունը շատ ավելի փխրուն է, քան նա ցանկանում է դա պատկերել։ 

 

«Նավթի պաշարների նվազումը լրացուցիչ ճնշում են գործադրում իր՝ մաֆիայի ոճով աշխատող իշխանության վրա»,- գրում է նա՝ հավելելով, որ նավթից եկող գումարները թույլ են տալիս իշխանությունների հետ սերտ համագործակցող հարուստ և կազմակերպված հանցավոր խմբերին մոնոպոլիզացնել մամուլը։

 

Նավթի անկում ապրող գները խախտում են Ալիևի իշխանության հիմքերը. Պետական նավթային հիմնադրամի պաշարները, որոնք միլիարդներ են բերում պետական բյուջե, արագորեն նվազում են: Միևնույն ժամանակ, ազգային արժույթը մոտ 33 տոկոսի կտրուկ արժեզրկում է գրանցել, և փորձագետներն ու քաղաքացիներն այս տարի ևս արժեզրկում են ակնկալում, գրում է հեղինակը։

 

Միլիի կարծիքով՝ բռնությունների վերջին ալիքը մատնում է Ալիևի նվազող վստահությունն իր քաղաքական ապագայի հանդեպ, երբ իր տնտեսական ուժի հիմքերն աստիճանաբար քայքայվում են:

 

Ալիևը ոչնչացնում է երկրի ապագան և երկարատև կայունությունը՝ հարձակվելով անկախ ԶԼՄ-ների վրա, գրում է հեղինակը: «Ադրբեջանում և հետխորհրդային տարածքում անկախ լրատվամիջոցներին աջակցությունը պետք է դառնա միջազգային հանրության գլխավոր առաջնահերթություններից մեկը՝ տարածաշրջանում ավտորիտարիզմի աճող ալիքին հակազդելու համար»,- եզրափակում է Միլին։