Կանադայի արևմուտքում տեղացել է առաջին ձյունը
Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում ուրբաթ անսպասելի ձյուն է տեղացել: Ինչպես հայտնել են Ազգային օդերևութաբանական ծառայությունից՝ ձյան տեղումները նկատվել են շրջանի հարավում՝ լեռնային տեղանքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ձյան տեսքով տեղումների պատճառը դարձել է ցուրտ հոսանքը, լեռներում նույնիսկ զգացվել է իսկապես ձմեռային եղանակ՝ թարմ սառնամանիք»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչ Բիլ Մաքմյորտին։
Ձյան տեղումները շարունակվել են կեսգիշերից մինչև երեկո, օդի ջերմաստիճանը 20-ից նվազել է մինչև 2-5 աստիճան: Մասնագետները չեն բացառում, որ առաջիկա օրերին ձմեռը կարող է տեղափոխվել հարևան նահանգներ, քանի որ ցիկլոնը շարժվում է դեպի արևելք։
Հատկանշական է, որ նախորդ տարի Ալբերտայում առաջին ձյունը նույնպես անսպասելի է տեղացել՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում:










