Գերմանիայում հայտնաբերվել է շշի մեջ դրված, հնարավոր է, ամենահին գրությունը
Գերմանիայում հանգստացող զբոսաշրջիկները Հյուսիսային ծովի կղզիներից մեկում գտել են առնվազն 108 տարի առաջ ուղարկված գրություն՝ դրված շշի մեջ, որը, ենթադրաբար, ամենահինն է աշխարհում, գրում է РИА Новости-ն:
Ամրում կղզու ջրերում շիշը հայտնաբերել է թոշակառու զույգը: Շշի ներսում նրանք տեսել են թուղթ, որի վրա գրված է եղել՝ «Կոտրեք շիշը»:
«Իմ ամուսինը փորձեց զգուշորեն հանել գրառումը շշի միջից, սակայն չստացվեց, այդ պատճառով էլ մենք ստիպված եղանք հետևել հրահանգներին»,- պատմել է թոշակառու զբոսաշրջիկը:
Շշի ներսում եղել է փոստային բացիկ անգլերենով, հոլանդերենով և գերմաներենով. շիշը գտնողին խնդրել են նշել՝ որտեղ և ինչպես է այն հայտնաբերվել, այնուհետև ուղարկել այդ բացիկը բրիտանական Պլիմուտ քաղաք՝ նշված հասցեով։
Շիշը Հյուսիսային ծով են նետել 1904 և 1906 թթ. ընթացքում՝ ծովային հոսանքների ուժն ուսումնասիրելու համար: Այդ փորձի շրջանակում գիտնականները ծով են նետել ավելի քան հազար գրություն։










