ԻՊ-ի զինյալներն իպրիտ գազ են կիրառել քրդերի դեմ. ամերիկացի փորձագետներ
ԱՄՆ-ի զինված ուժերի մասնագետները հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները քուրդ զինյալների դեմ իպրիտ (մանանեխի գազ) թունավոր գազ են կիրառել, գրում է The Wall Street Journal-ը։
Ամերիկացի փորձագետների համաձայն՝ դա կարող է տեղի ունեցած լինել օգոստոսի 11-ին Իրաքի հյուսիսում քրդերի վրա հարձակումներից մեկի ժամանակ։
Եթե մանանեխի գազի օգտագործման մասին տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի վերջին շրջանում արդեն երկրորդ նման դեպքը։
Ավելի վաղ, ԻՊ-ի զինյալները կիրառել են թունավոր գազը հուլիսի վերջին՝ Սիրիայի հյուսիսում։
Իպրիտը պրոտոպլազմային թույն է. վնասում է մաշկը և աչքը։ Գոլորշիները շնչելիս առաջանում են վերին շնչառական ուղիների և թոքերի ծանր վնասվածքներ։ Իպրիտին բնորոշ է ազդեցության «թաքնված շրջանը» (մինչև 12 ժամ և ավելի)։
Այն առաջին անգամ օգտագործել են 1917 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։










