Շենգենյան համաձայնագիրը վտանգի մեջ է. Գերմանիայի ՆԳՆ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կարծում է, որ Շենգենյան համաձայնագրին վտանգ է սպառնում։ Այդ մասին նա ասել է BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում։
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ վտանգ են ներկայացնում այն երկրները, որոնք չեն հետևում միգրացիոն կանոններին և հրաժարվում են ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումների դիտարկման պատասխանատվությունից։
«Եթե ոչ մեկ չի հետևում կանոններին, ուրեմն Շենգենը վտանգի մեջ է, այդ իսկ պատճառով մեզ շտապ հարկավոր են ընդհանուր որոշումներ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, գերմանացի նախարարը հույս է հայտնել, որ Շենգենյան համաձայնագիրը չի չեղարկվի։
«Հուսով եմ, որ ոչ։ Մենք աջակցում ենք Շենգենին։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և Շենգենյան գոտու ստեղծումը մեծ ձեռքբերում է։ Սակայն այժմ պետք են համընդհանուր որոշումներ, որ Շենգենը մնա»,- ասել է նա։
Շենգենյան համաձայնագրով վերացվում է Եվրամիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը։










