ԱՄՆ-ն ողջունում է բելառուս ընդդիմադիրների ազատ արձակումը

12:43 • 24.08.15

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ազատազրկման երկար ժամկետների դատապարտված մի շարք բելառուս ընդդիմադիրների ազատ արձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Շաբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում է շնորհել նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչին, ինչպես նաև Իգոր Օլինևիչին, Նիկոլայ Դեդոկին, Եվգենի Վասկովիչին, Արտյոմ Պրոկոպենկոյին և Յուրի Ռուբցովին։

 

«Այս վեց քաղբանտարկյալների ազատ արձակումն իրադարձությունների դրական զարգացում է բելառուս ժողովրդի համար և կարևոր քայլ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում:

 

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել Մինսկին հոկտեմբերի 11-ին անցկացնել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ։

 

«Այդ քայլերը կամրապնդեն բելառուսական ինքնիշխանությունը և անկախությունը»,- հայտարարել է Պետդեպարտամենտը: