Բրիտանացի զբոսաշրջիկը հայտնաբերվել է մեկ ամիս անց՝ ավազի վրա օգնության մասին արված գրառման շնորհիվ

09:06 • 24.08.15

Կորած բրիտանացի զբոսաշրջիկին հայտնաբերել են ավստրալացի փրկարարները, ովքեր ավազի վրա նկատել են օգնության մասին Help գրառումը, փոխանցում է Газета-ն:

 

Հաղորդվում է, որ 63-ամյա Ջեֆ Քեյզն անհետացել էր հուլիսին Ավստրալիայի հյուսիսում, երբ կորցրել էր ճանապարհը՝ ճամբարը լքելուց հետո: Նրա անհետացումը հանգեցրել էր խոշոր որոնողափրկարարական աշխատանքների։

 

Ոստիկանությունը հայտնել է, որ Քեյզը փրկել է իր կյանքը՝ գրառում անելով ավազի վրա և սլաքով ցույց տալով իր գտնվելու վայրը, ինչի շնորհիվ էլ փրկարարներին հաջողվել է գտնել նրան:

 

Զբոսաշրջիկը բացատրել է, որ ուղևորվել է Քուինսլենդ նահանգում Ժարդին արգելոցի ջրվեժներից մեկը որոնելու, սակայն չի գտել և վերադառնալիս կորցրել է ճամբարի ճանապարհը։ Քեյզն իր հետ ոչինչ չի վերցրել, քանի որ մտածել է, որ ջրվեժի որոնումները երկար չեն տևի: Ավազի վրա գրառումը նա արել է հուլիսի 28-ին: