Ուկրաինան կանխավճար է խնդրել «Գազպրոմից» գազի տարանցման համար. Коммерсантъ

11:26 • 24.08.15

Ուկրաինան դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ խնդրելով կանխավճար վճարել Եվրոպա գազի տարանցման համար, որպեսզի այդ գումարով վառելիք գնի ձմեռային շրջանի համար։ Այդ մասին գրում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։

 

Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք գործող սխեմայի գործողությունը վերսկսելու հնարավորության մասին քննարկվել է Մինսկում օգոստոսի 21-ին կայացած «Գազպրոմ»-ի և «Նավթոգազ»-ի ղեկավարներ Ալեքսեյ Միլերի և Անդրեյ Կոբոլևի երկկողմ բանակցությունների ժամանակ: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կիևում նման քայլի են որոշել գնալ այն բանից հետո, երբ չեն կարողացել Եվրոպայում անհրաժեշտ միջոցներ գտնել:

 

Երկու ընկերություններում հրաժարվել են մեկնաբանել կանխավճարային սխեմային վերադառնալու հնարավորությունը: Վերջին անգամ «Գազպրոմ»-ը 1 միլիարդ դոլարի կանխավճար է վճարել գազի տարանցման համար 2013 թվականի ամռանը։