Դատախազը առաջարկեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստին մեղադրող Հարություն Սարգսյանը առաջարկեց Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ նշելով, որ բոլոր մեղադրանքները ապացուցված են։
Մեղադրյալ Հայկ Կյուրեղյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով դատական սանկցիա էր կիրառել։
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին ժամը 12-ին։
Նիստի ավարտից հետո Հայկի հարազատները սկսեցին բարձր իրենց կարծիքը հայտնել. «Միանգամից ցմահ տայիք կամ էլ մահվան դատավճիռ տայիք»։ Դատավորը կարգադրեց բոլորին հեռացնել նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի օրը, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք։
Մասնավորապես նա բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված մի ավտոմեքենայի տանիքի վրա և իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:










