Հալեպում մնացած հայերի փորձությունները, «կենաց-մահու» պայքարը՝ «Ակօս»-ի անդրադարձում
Հալեպահայերի մի մասը մնացել և դիմադրում ու «կյանքի պայքար» է մղում Հալեպում։
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականն անդրադարձել է Հալեպում «գոյության կռիվ» տվող հայերին։ Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«...Նրանք գուցե ցանկանում են դուրս գալ, սակայն ստիպված են մնալ Հալեպում, կամ էլ, գուցե, գնալու այլ տեղ չունեն, և չնայած դժվարություններին՝ չեն ցանկանում փախստական դառնալ...
Սիրիայի ավերիչ պատերազմից վնասի իր բաժինը ստացավ նաև Հալեպի հայ համայնքը, որը, գուցե, իր պատմության ամենածանր օրերն է ապրում։
600 տարուց ավելի հին համայնքը վերջին 4 տարիներին ստիպված եղավ ճակատագիրն ամբողջովին փոխող որոշումներ կայացնել։
Համայնքի ունեցվածքը, դպրոցները, եկեղեցիները, գրադարանները, արխիվները, հիվանդանոցները, հիմնադրամները, մշակութային ու մարզական կենտրոնները մի կողմից դիմակայում են ռումբերի պայթյուններին, մյուս կողմից շարունակում են Հալեպում մնացած համայնքի առօրյա կարիքներին ծառայել։
Հալեպի հայերն այժմ երկու մասի են բաժանվել։ Համայնքը, որպես այդպիսին, ցանկանում է մնալ Հալեպում, չթողնել համայնքի պատմությունը, գոյությունը, մշակույթը, իսկ անհատների մակարդակով նույնն ասել հնարավոր չէ։
Հազարավոր հայեր լքել են Հալեպն ու գաղթել Հայաստան, Լիբանան, Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա՝ աշխարհի 4 կողմերը։
Սակայն ո՞վ կարող է մեղադրել նրանց Հալեպից գաղթելու համար. մեկն իր տունն է կորցրել, մյուսի ընտանիքի անդամն է վիրավորվել կամ զոհվել, երրորդը դուրս է եկել երեխաներին փրկելու համար...
Սակայն Հալեպում մնացած հայերը շարունակում են դիմանալ և գոյատևման պայքար մղել։
Պատերազմից առաջ Հալեպի հայ համայնքի թիվը, ենթադրաբար, 40-50 հազարի էր հասել։ Դպրոցներում 8.000 աշակերտ կար, և Հալեպը սփյուռքի միակ համայնքն էր, որտեղ հայ երեխաները միայն հայկական դպրոցներ էին հաճախում։ Այժմ ուսանողների թիվը 2.500-3.000-ի է հասել, դա էլ վկայում է այն մասին, որ Հալեպի հայերի 1/3-ն է մնացել Հալեպում։
Ի՞նչ են մտածում մնացած հայերը երկրից դուրս գալու մասին։ Ամեն օր ջուր որոնելու համար քաղաքում շրջող մարդկանց գուցե անիմաստ է այս հարցն ուղղելը, սակայն նրանք պատասխանել են։ Նրանց խոսքերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.
Յ. Զ. (38)
Հալեպում կյանքը շարունակելն արդեն շատ դժվար է և լուրջ ջանքեր է պահանջում։ Հիմնականում գրքերում էի կարդացել նման դժվարությունների մասին, վեպերում են նման դեպքեր պատմվում։ Երբեք չէի մտածի, որ մի օր ես էլ նման դրության մեջ կհայտնվեմ։
Խնդիրը միայն ողջ մնալը չէ, նորմալ մարդու պես ապրելն ամենաբարդն է։ Չեմ չափազանցում, սակայն Հալեպում ապրել շարունակելը հերոսություն է։
Ինձ համար Հալեպից դուրս գալը Հայատան գնալ է նշանակում, սակայն ես այս հողում ապրել եմ ուզում։ Չգիտեմ, թե որքան կդիմանամ։ Իրոք, միշտ մտածում եմ այս մասին։ Սիրիահայ համայնքի այս վիճակը ցույց է տալիս, որ մենք ազգային որևէ պլան չունենք։ Այս հարցերի մասին մտածել անգամ չենք կարողանում։
Հ. Գ. (26)
Հալեպում շարունակում ենք վախի մեջ ապրել։ Այդ վախը հաղթահարելու համար խիզախություն է պետք։ Ինչո՞ւ եմ դեռ շարունակում Հալեպում ապրել։ Քանի որ սիրում եմ այս քաղաքը։ Պակերացնենք, թե ձեր սիրելին հիվանդացել է, գուցե այդ հիվանդությունը մահացու է, կթողնեք և կհեռանա՞ք։
Ես այդ կերպ եմ նայում իմ քաղաքին։ Նույն ճակատագիրն ենք կիսում ես և քաղաքս։
Մ. Ն. (60)
Հալեպում կյանքը շատ դժվար է։ Փոքր- ինչ համակերպվում ենք, բայց ամեն օր նոր դժվարություններ են առաջանում, և փորձում ենք դրանց էլ ընտելանալ։ Ջրի հարցը շատ լուրջ է։ Եթե ուտելու, խմելու, հոսանքի ու ինտերնետի հարց չունենանք, ռումբերի ու դիպուկահարներին կդիմանանք, կարծում եմ։ Ես Հալեպում աշխատանք ունեմ, չգիտեմ, եթե դուրս գամ, ի՞նչ եմ անելու։ Հայաստանում կամ Բեյրութում գուցե կարողանամ ինչ-որ բան անել, սակայն ամեն դեպքում փախստական եմ լինելու, ընկերներից օգնություն եմ խնդրելու, խնդրելու եմ, որ նրանց տներում մնամ։ Դա անելը չափազանց դժվար է ինձ համար, դրա համար էլ նախընտրել եմ այստեղ մնալ։
Տունս շատ վտանգավոր վայրում չէ։ Հարևաններիս հետ, որոնք հիմնականում հայեր չեն, փորձում ենք դիմանալ՝ մինչև խաղաղություն կհաստատվի։ Եթե տունս քանդվի, չգիտեմ ինչ կանեմ։ Գուցե այդ ժամանակ ստիպված կլինեմ գնալ։ Ծանոթներիցս շատերն այդ պատճառով հեռացան։ Բայց երբ պատերազմն ավարտվի, նրանք վերադառնալու են...
Թ. Թ. (49)
Այստեղ մնալ շարունակելը կյանքի պայքար է...
Ամենամեծ խնդիրս երեխաների դպրոց գնալու հարցն է։ Եթե պարտավոր չլինեի դպրոց ուղարկել, տանը՝ աչքիս առաջ կլինեին։ Այժմ ամեն օր, երբ նրանք դպրոց են գնում, վախենում եմ, որ մի բան կպատահի։
Որդիս փոքր է, աղջիկս ավելի մեծ է։ Չգիտեմ, թե ինչպես են հիշում պատերազմից առաջվա կյանքը։ Ցանկանում եմ նրանց ուրիշ տեղ տանել։ Փորձեցի Բեյրութ գնալ, չստացվեց։ Գուցե Հայաստան գնանք։ Այնտեղ հաստատված ընկերներիցս լուր ենք սպասում։ Ամուսինս էլ է շատ ուզում։ Գուցե այնտեղից Եվրոպա կմեկնենք։ Հալեպում մնացողների հանդեպ դա գուցե դավաճանություն կլինի... Բայց ամեն մարդ իր գլխի ճարը պետք է տեսնի։










