Դեսպան Ապիտոնյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ

16:14 • 28.08.15

Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան ընդունել է Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։
 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը, դեսպանը շնորհավորել է Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ առաքելության մեջ:
 

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը:
 

Երկուստեք վստահություն են հայտնել,որ հայ-ֆիննական հարաբերություններն առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
 

Մտքեր փոխանակվել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման վերաբերյալ։
 

Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
 

Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպել է նաև Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։